Քաբուլի օդանավակայանում հուսահատության պատկերները Արեւմուտքի ամոթն են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Մենք մարդկային ողբերգություն ենք ապրում, որի համար մենք կիսում ենք պատասխանատվությունը»,- ասել է Շտայնմայերը՝ Քաբուլում Արեւմուտքի կողմից աջակցվող կառավարության տապալումից հետո, հաղորդում է Reuters-ը:

«Առավել եւս, այժմ մենք պետք է աջակցենք նրանց, ում մենք պարտական ենք իրենց աշխատանքի եւ աջակցության համար»:

Սակայն թալիբների իշխանության գալուց հետո Քաբուլում վայրէջք կատարած առաջին գերմանական ռազմական ինքնաթիռը տարհանել է ընդամենը յոթ մարդու:

«Բունդեսվերն (բանակը) այժմ ապահովում է մուտքը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Հեյկո Մաասը՝ ասելով, որ օդանավակայանում իրավիճակը կայունացել է, եւ երեքշաբթի օրը տարհանման լրացուցիչ թռիչքներ կլինեն: