ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երկրի զինված ուժերի արագ պարտության մեջ աֆղանական ղեկավարությանն է մեղադրում:

Նրա խոսքով՝ «աֆղանական քաղաքական ղեկավարությունը չկարողացավ դիմադրել», եւ «այս ձախողումը բերեց այն ողբերգությանը, որին մենք ականատես ենք այսօր»:

Նա նշել է, որ «արագությունը, որով աֆղանցի զինվորականներն ընկել են թալիբների առջեւ, եւ այն, թե որքան արագ է դա տեղի ունեցել, անակնկալ էր»: ՆԱՏՕ-ն պետք է «դասեր քաղի»:

Սթոլթենբերգը հայտարարել է, որ թալիբները պետք է կանխեն Աֆղանստանի վերածումը ահաբեկչության օջախի: «Նրանք, ովքեր այժմ գալիս են իշխանության, պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ միջազգային ահաբեկիչները չվերականգնեն իրենց հենման կետը»,- Բրյուսելում լրագրողներին ասել է նա:

«Աֆղանստանի անվտանգության ուժերի մի մասը քաջաբար կռվեց: Բայց նրանք չկարողացան ապահովել երկրի անվտանգությունը, քանի որ ի վերջո Աֆղանստանի քաղաքական ղեկավարությունը չկարողացավ դիմակայել թալիբներին եւ հասնել այն խաղաղ լուծմանը, որը ցանկանում էին աֆղանցիները»:

Միջազգային ահաբեկչությունը սպառնալիք է ներկայացնում Աֆղանստանում թալիբների վերադարձի հետ, եւ արեւմտյան պաշտպանական դաշինքը «պետք է զգոն մնա, որպեսզի մնա պայքարի առաջնագծում», նշել է նա: