Մարդկային կենսակերպը ձևավորվում է հազարավոր սովորություններով, որոնք այն փոքրիկ որոշումներն են, որ Դուք կայացնում եք յուրաքանչյուր օր։ Հասկանալը, թե ինչպես են աշխատում այդ սովորությունները և ինչպես դրանք փոխել, էական է: Այն, ինչ Դուք անում եք շարունակաբար, կազմավորում է Ձեր ինքնությունն ու հավատքը, և երբ սովորում եք՝ ինչպես փոխկերպել դրանք, փոխակերպում եք Ձեր կյանքը։ Ձեզ ենք ներկայացնում չորս սովորություններ, որոնք ավելի վնասակար են, քան կարծում էիք։

1․ Քնի պակաս

Ժամանակակից աշխարհում կյանքի սրընթաց ռիթմը ստիպում է մեզ հաճախ զոհաբերել մեր քունը՝ ամեն ինչ հասցնելու համար։ Աշխատանք, ընտանիք, ընկերներ․․․ բոլորին և ամեն ինչին ժամանակ տրամադրելու ցանկությունը ստիպում է մեզ առաջ շարժվել, սակայն մենք նույնիսկ չենք մտածում, թե ինչ հետևանքներ դա կարող է առաջացնել։ Երբեք մի մտածեք, որ 6 ժամից պակաս քնելը կարող է արդյունավետության և հաջողության գրավական դառնալ։ Չափահաս մարդկանց մեծ մասն օրական 7-8 ժամվա          քնի կարիք ունի․ փաստն այն է, որ քնի քրոնիկ անբավարարությունը կարող է այնպիսի լրջագույն առողջական խնդիրների պատճառ դառնալ, ինչպիսիք են զգոնության պակասը, հիշողության կորուստը, ինչպես նաև արյան բարձր ճնշումը, շաքարախտը, ավելորդ քաշի խնդիրներն ու սրտային հիվանդությունները։

2․ Ծխել

Ոչ մի սովորություն այնքան վնասակար չէ, որքան ծխելը․ գիտեի՞ք որ ծխելիս օրգանիզմին ամենամեծ վնասը հասցնում է ոչ թե նիկոտինն, այլ այրման գործընթացն ու դրա արդյունքում արտազատվող ծուխն ու խեժը։ Այրվելիս սիգարետն արտադրում է ծուխ, որը ծխողը ներքաշում է թոքեր։ Արդյունքում՝ թոքերում կուտակվում է ծխի ու նիկոտինի մնացորդը՝ խեժը, որը վնաս է հասցնում ոչ միայն թոքերին, այլ նաև ներթափանցում է արյան մեջ ու բացասաբար ազդում մյուս բոլոր օրգանների վրա։ Կարող եք մտածել, որ հասցված վնասը հնարավոր չի լինի վերականգնել, սակայն ընդամենը մեկ տարվա ընթացքում կտրուկ նվազում է սրտի կաթվածի հավանականությունը, բերանի խոռոչի, կոկրդի քաղցկեղի հավանականությունը։ Եթե չեք ցանկանում թողնել ծխելը, կարող եք անցում կատարել անծուխ արտադրատեսակներին, որոնք չեն առաջացնում այրում ու հետևաբար՝ չեն պարունակում խեժ ու ծուխ

3․ Ալկոհոլի չափազանց մեծ քանակի օգտագործում

Ալկոհոլի հաճախակի օգտագործումն այնքան էլ վնասակար չէ առողջության համար, երբեմն նույնիսկ կարող է օգտակար լինել։ Սակայն հարկավոր է մեծ ուշադրություն դարնել չափաբաժնին։ Չափազանց մեծ քանակությունների դեպքում ալկոհոլային խմիչքները կարող են թույնի վերածվել։ Ժամանակի ընթացքում կարող են առաջանալ այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, սրտի, լյարդի և մարսողության հետ կապված հիվադություններ, քաղցկեղ, իմունային համակարգի խնդիրներ, ալկոհոլային կախվածություն և այլն։ Դրական լուրն այն է, որ ալկոհոլը թողնելուց անմիջապես հետո նկատելի են դառնում մարսողության ու քնի որակի բարելավումները։ Շաքարն օրգանիզմում հասնում է հաստատուն մակարդակի, ուղեղը սկսում է ավելի լավ աշխատել։

4․ Շաքարավազի չափից շատ օգտագործում

Տորթեր, խմորեղեններ, քաղցրավենիք, շոկոլադ․․․ նույնիսկ մեր ամենասիրելի հյութերն են պարունակում շաքար։ Երբեմն մենք շաքարն օգտագործում ենք առանց գիտակցելու՝ վնաս հասցնելով մեր առողջությանը։ Շաքարը դարձել է մեր կյանքի անբաժան մասը, և շատերս չենք պատկերացնում մեր կյանքն առանց սիրելի քացրավենիքի։ Այնուամենայնիվ, հարկավոր է հաշվի առնել այն երկարատև առողջական խնդիրները, որոնք կարող են առաջանալ շաքարի մեծաքանակ օգտագործումից։ Շաքարն ուղեղին մատակարարում է դոպամին, որը պատասխանատու է հաճելի զգացողությունների համար։ Ժամանակ առ ժամանակ մեկ թխվածքաբլիթ կամ շոկոլադի փոքրիկ կտոր ուտելն ապահովում է էներգիայի արագ չափաբաժին՝ արյան մեջ արագորեն բարձրացնելով շաքարի մակարդակը։ Երբ շաքարի մակարդակը նվազում է, և բջիջները ներքաշում են այն, կարող  է անհանգստության զգացողություն առաջանալ։ Միաժամանակ, շաքարի երկարատև և չափից շատ օգտագործումը վնասում է ատամները, վերջույթները (կարող է վատթարացնել վերջույթերի ցավը)՝ առաջացնելով ռևմատոիդ արթրիտ։ Շաքարը կարող է նաև հանգեցնել մաշկի՝ ժամանակից շուտ ծերանալուն և կնճիռների առաջացմանը։ Միաժամանակ՝ ամբողջ մարմնում զարկերակների վրա բացասական ազդեցության հետևանքով կարող են առաջանալ սրտային հիվանդություններ՝ հանգեցնելով սրտի կաթվածի։ Ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտությունները՝ ավելի քիչ քանակությամբ շաքարի օգտագործումը կարող է օգնել կարգավորել արյան ճնշումը, նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկերը, ավելորդ քաշի կուտակումը, ինչպես նաև շաքարային դիաբեդի առաջացումը։