Բժիշկ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի և չհեռանալու մասին ստորագրության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2021 թ. օգոստոսի 18-ին, ժամը՝ 15:00-ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Փաստաբանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած և Դատախազության կողմից բողոքարկված որոշումն ամբողջությամբ հիմնավոր է:

«Դատախազության կողմից ներկայացված բողոքն անհիմն է, իսկ դրա վերաբերյալ մեր փաստարկները բազմաթիվ են, որոնք դատական նիստի ժամանակ կներկայացնենք»,- նշեց փաստաբանը:

Արմեն Չարչյանին «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել հունիսի 21-ին և նա ձերբակալվել էր։ Չարչյանը կալանավորվել էր հունիսի 23-ին:

Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի նախագահի կողմից օգոստոսի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանին։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Չարչյանին կալանքից գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։