Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Twitter-ին կոչ է արել փակել իր հաշիվը, ինչպես դա եղավ Դոնալդ Թրամփի դեպքում: «Ես անհամբեր սպասում եմ, որ նրանք (Twitter) փակեն իմ հաշիվը, որպեսզի դառնամ եւս մեկ Թրամփ»,- ասել է Վուչիչը, հայտնում է Reuters-ը:

Հունվարին Twitter-ը հեռացրել էր ԱՄՆ նախկին նախագահի հաշիվը «բռնության հետագա դրդման վտանգի պատճառով» այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք, երբ նա պարտվել էր նախագահական ընտրություններում:

Twitter-ը սերբական պետական ԶԼՄ-ներին որակել է որպես «լրատվամիջոցներ, որոնցում պետությունը վերահսկողություն է իրականացնում խմբագրական բովանդակության վրա՝ ֆինանսական ռեսուրսների, ուղղակի կամ անուղղակի քաղաքական ճնշման եւ (կամ) արտադրության ու տարածման վերահսկողության միջոցով»:

«Ո՞ւմ հետ նրանք պետք է համագործակցեն՝ մագնատների, գողերի ու հանցագործների՞»,- հարցրել է Վուչիչը։ «Միանգամայն նորմալ է, որ նրանք համագործակցում են կառավարության հետ»: Նա ասել է, որ Twitter-ի պիտակը ոչ այլ ինչ է, քան «գրաքննություն»: Վուչիչը շնորհավորել է բոլոր ԶԼՄ-ներին, որոնք Twitter-ի նմանատիպ պիտակ են ստացել՝ ասելով, որ նրանք «ազատատենչ գաղափարներ են տարածում»:

Բացի Սերբիայից, պիտակներ են հայտնվում նաեւ աշխարհի բազմաթիվ թվիթերյան հաշիվներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Իսպանիայում, Թուրքիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: