Մեծ Բրիտանիայի կառավարությունն այս տարի 5000 աֆղանցի փախստական կընդունի, առաջին հերթին`կանանց եւ երեխաների, հայտնում է AP-ն:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով քննադատության է ենթարկվել Աֆղանստանում իրադարձությունների քաոսային շրջադարձի համար, ասել է, որ փախստականների վերաբնակեցման նոր ծրագիրը թույլ կտա մոտ 20.000 անապահով աֆղանցիների ապաստան խնդրել Մեծ Բրիտանիայում առաջիկա տարիներին:
Նրա խոսքով` Մեծ Բրիտանիան կաշխատի միավորել միջազգային հանրությանը` «Թալիբան»-ի հետ «գործողությունների հստակ ծրագիր» մշակելու համար»,- ասել է նա: Վարչապետը, որն այժմ նախագահում է G7-ում, ասել է, որ հույս ունի առաջիկա օրերին առաջնորդների հանդիպում հրավիրել:
«Մենք հստակ հասկանում ենք եւ համաձայն ենք, որ ցանկացած երկրի համար սխալ կլինի վաղաժամ կամ երկկողմ կարգով ճանաչել Քաբուլի նոր ռեժիմը,- ասել է Ջոնսոնը:- Մենք կդատենք այդ ռեժիմի մասին դրա ընտրությունից եւ գործողություններից, այլ ոչ թե` խոսքերից»,- հավելել է նա:
Փախստականների ընդունման ծրագիրն անմիջապես քննադատության ենթարկվեց օրենսդիրների կողմից, որոնք հայտարարեցին, որ այն չի համապատասխանում ինչպես արագության, այնպես էլ քանակի պահանջներին:





























