Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը հաստատել է, որ երկիրն ընդունել է Աֆղանստանի փախուստի դիմած նախագահ Աշրաֆ Հանիին եւ նրա ընտանիքին՝ «մարդասիրական նկատառումներով»:

Հանին կիրակի օրը փախել էր Աֆղանստանից, երբ թալիբները մոտեցել էին Քաբուլին, ինչը արագացրել է աֆղանական կառավարության փլուզումը: Նրա գտնվելու վայրը նախկինում անհայտ էր:

Նա իր փախուստը բացատրել է նրանով, որ այդպիսով հաջողվել է խուսափել արյունահեղությունից:

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող նախկին նախագահին կոշտ քննադատության են ենթարկում թալիբների արագ հարձակման պայմաններում իր երկիրը լքելու համար, ինչը բացահայտեց Աֆղանստանի անվտանգության ուժերի թուլությունը:

Հանին հունիսին Սպիտակ տանը այցելել էր նախագահ Բայդենին, երբ ԱՄՆ-ը պատրաստվում էր Աֆղանստանից ամբողջական դուրսբերմանը: Այնտեղ Բայդենը հավաստիացրել էր Հանիին, որ չնայած հեռանալուն, ԱՄՆ-ը կպահպանի «կայուն» գործընկերությունը Աֆղանստանի հետ:

Բայդենի վարչակազմի տոնայնությունը փոխվել է, քանի որ վերջին օրերին ակնհայտ է դարձել Աֆղանստանի կառավարության պարտության մասշտաբը: «Հանին պնդում էր, որ աֆղանական ուժերը պայքարելու են, բայց ակնհայտ է, որ նա սխալվում էր»,- ասել է Բայդենը երկուշաբթի Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ: «Աֆղանստանի քաղաքական առաջնորդները հանձնվեցին եւ փախան: Աֆղանստանի զինվորականներն ընկել են՝ չփորձելով պայքարել»: