Մթերք գնելը վերածվել է օձի փրկության, երբ ավստրալուհին սուպերմարկետում հսկայական պիթոնի է հանդիպել, հայտնել է BBC-ն:

25-ամյա Հելաինա Ալաթին Սիդնեյի խանութներից մեկում է եղել, երբ դարակներից մեկից երեք մետրանոց ոչ թունավոր օձը դուրս է սողացել:

Woolworths սուպերմարկետը գտնվում է քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում: Սակայն համեմունքների բաժնում օձի հանդիպելը բնավ այն չէր, ինչ ակնկալում էր Ալաթին:

Բարեբախտաբար, Ալաթին վայրի բնության փրկարար է և ծանոթ է օձերին:

«Ես շրջեցի գլուխս, և այն իմ դեմքից մոտ 20 սանտիմետր հեռավորության վրա էր և ուղիղ ինձ էր նայում», - ասել է նա:

Անմիջապես ճանաչելով պիթոնի տեսակը՝ Ալաթին հասկացել է, որ այն թունավոր չէ: «Նա ողջ ընթացքում ուղիղ ինձ էր նայում, ասես ասում էր՝ կարո՞ղ եք ինձ փողոց հանել, խնդրում եմ»:

Ալաթին զգուշացրել է աշխատակիցներին և ասել, որ կարող է օգնել նրանց ազատվել պիթոնից:

Նա տանից օձերի համար նախատեսված պայուսակ է բերել, «դիպչել օձի պոչին, և այն պարզապես ներս է սողացել»: Այնուհետև նա օձին ազատ է արձակել դեպի այս տեսակի համար բնական միջավայր: