«Ընդդիմության պառակտված վիճակը ձեռնտու է իշխանություններին»,- հոկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով ընդդիմության ներկայիս պասիվությանը եւ անհամախմբված լինելուն։
Նրա խոսքով, դրությունը հնարավոր է փոխել միայն ուժեղ եւ միակամ ընդդիմության ուժերով Սերժ Սարգսյանի «հասունացած հրաժարականը» պահանջելով։ Այդ է պատճառը, որ «Ժառանգությունը» վաղը մասնակցելու է ՀՅԴ կազմակերպած հանրահավաքին՝ այս կերպ փորձելով իրենց «Ոչ»-ն ասել իշխանությունների վարած քաղաքականությանը։
NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ կերպ են պատկերացնում իրենց համագործակցությունը վերոնշյալ քաղաքական ուժի հետ, որն, ի տարբերություն իրենց, չի պահանջում ՀՀ նախագահի հրաժարականը, կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հստակեցրեց, որ իրենց համագործակցությունն ընդամենը նպատակ ունի «խոչընդոտել արձանագրությունները կյանքի կոչելու գործընթացին» եւ այդ համագործակցությունը չպետք է դիտել իբրեւ քաղաքական միավորում։




























