Աֆղանուհին, ում աչքերը թալիբները հանել էին` աշխատանքի տեղավորվելու համար, պնդում է, որ նրանք կանանց դիերով կերակրում էին շներին:
««Թալիբան»-ի համար կանայք ոչ թե կենդանի մարդիկ են, այլ պարզապես միս ու մարմին, որոնք պետք է ծեծել»,- ասել է կինը India News 18-ին, որն այժմ բնակվում է Դելիում:
33-ամյա Հաթերան պատմել է իր սարսափելի փորձության մասին` ասելով, որ իր հայրը, ով նախկինում «Թալիբան» շարժման մարտիկ էր, իր մասին հայտնել էր թալիբներին, քանի որ դեմ էր դստեր աշխատանքին իրավապահ մարմիններում: Որպես պատիժ, նրա խոսքով, զինյալներն ութ անգամ կրակել էին իր վրա եւ կուրացրել: Դա տեղի էր ունեցել անցյալ տարի Աֆղանստանի Գազնի նահանգում: Աֆղանստանի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ հարձակման հետեւում կանգնած են թալիբները: Սակայն իրենք՝ թալիբները, հերքել էին դա` հայտարարելով, որ իրենք չեն մասնակցել հարցերում, որոնք ընտանեկան են համարել:
«Նրանք (թալիբները) նախ տանջում են մեզ (կանանց), այնուհետեւ` դեն նետում մեր մարմինները՝ դրանք որպես պատժի օրինակ ցույց տալով: Երբեմն մեր դիերով շներին են կերակրում»,- News 18-ին ասել է Հաթերան:
«Իմ բախտը բերեց` ողջ մնացի: Պետք է ապրել Աֆղանստանում թալիբների օրոք` պատկերացնելու համար, թե ինչ դժոխք է կանանց, երեխաների եւ փոքրամասնությունների համար»,- հավելել է նա:
««Թալիբան»-ը թույլ չի տալիս կանանց այցելել տղամարդ բժիշկների, թույլ չի տալիս կանանց սովորել եւ աշխատել: Եւ ի՞նչ է մնում կնոջը: Մեռնե՞լ: Նույնիսկ եթե կարծում եք, որ մենք պարզապես վերարտադրողական մեքենաներ ենք, դրանում առողջ դատողություն չկա, դա մաքուր ատելություն է»,- ասել է նա:





























