Աֆղանստանցի լրագրողները դիմել են թալիբներին՝ իրենց աշխատանքի իրավունքը հարգելու խնդրանքով, հաղորդել է TOLO News-ը:
RTA-ի (Radio Television Afghanistan) հաղորդավար Շաբնամ Խան Դավրանը հայտարարել է, որ թալիբներն իրեն թույլ չեն տվել մտնել աշխատավայր՝ աշխատանքը շարունակելու համար:
«Ես ցանկանում էի վերադառնալ աշխատանքի, սակայն, ցավոք, ինձ թույլ չտվեցին աշխատել: Ինձ ասացին, որ ռեժիմը փոխվել է, եւ մենք չենք կարող աշխատել», - ասել է Դավրանը:
RTA-ի մեկ այլ լրագրող Խադիջային նույնպես արգելել են աշխատել:
«Ես գնացի գրասենյակ, սակայն ինձ թույլ չտվեցին մտնել: Ավելի ուշ գործընկերներիս եւս չեն թույլատրել մտնել: Մենք խոսեցինք մեր նոր տնօրենի հետ, որը նշանակվել էր թալիբների կողմից», - ասել է Խադիջան:
«Ծրագրերում փոփոխություններ են տեղի ունեցել, նրանք հեռարձակում են իրենց ծրագրերը, կին հաղորդավարներ եւ լրագրողներ չկան», - ասել է Խադիջան:
Թալիբները դեռ որեւէ կերպ չեն մեկնաբանել իրավիճակը:





























