ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների հրամանագրել է որպես համայնքապետարանի աշխատակիցներ, նրանց կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել եւ համայնքապետարանի կնիքով վավերացրել է աշխատավարձի վճարման կեղծ տեղեկագրեր, որոնք շրջանառության մեջ դնելով` համայնքի բյուջեից վատման եղանակով հափշտակել է վերջիններիս որպես աշխատավարձի գումարներ հատկացված խոշոր չափերով, ընդհանուր՝ 2.986.696 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: