Ոստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Մեղվահովիտ գյուղի մի բնակիչ հուլիսի կեսերին գողություններ է արել:
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերվեցին ապացույցներ, ճշտվեց տղամարդու ինքնությունը:
Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա բնակիչը հայտնաբերվեց եւ, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց բաժին: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է, որ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր ամառային արոտավայրի՝ բնակության համար նախատեսված վագոն-տնակը եւ գողացել երկու հեռախոս ու լիցքավորման սարք:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:




























