Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Pfizer/BioNtech ընկերության արտադրած պատվաստանյութի երրորդ պատվաստումն է ստացել COVID-19-ի դեմ այն բանից հետո, երբ Իսրայելն ընդլայնել է պատվաստումները 40 տարեկանից բարձր մարդկանց համար, որպեսզի փորձի սանձել կորոնավիրուսի դելտա տարբերակը։

Իսրայելում հիվանդության նոր դեպքերի թիվը կտրուկ ավելացել է, եւ 49-ամյա Բենեթը փորձում է խուսափել տնտեսապես ցավագին ազգային մեկուսացումից՝ առաջարկելով երրորդ չափաբաժինները։

60-ից բարձր տարիքի մարդիկ հուլիսից սկսել են ստանալ երրորդ չափաբաժինը, նվազագույն տարիքը իջեցվել է 50-ի։

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բուստերներն այժմ կներարկեն 40-ից բարձր տարիքի մարդկանց, որոնց երկրորդ պատվաստումն արվել էր հինգ ամիս առաջ։ Նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստվել ուսուցիչներին, բուժաշխատողներին, տարեց մարդկանց խնամողներին, բոլոր տարիքի հղի կանանց։

«Եթե դուք երրորդ պատվաստումն ստանաք, մենք կկարողանանք խուսափել չորրորդ մեկուսացումից»,- ասել է Բենեթը։

Իսրայելի 9,3 մլն բնակչությունից ավելի քան 1 միլիոնը ստացել է երրորդ պատվաստումը, որը, բժշկական ծառայությունների իսրայելյան մատակարարի խոսքով, արդյունավետ է եղել 86 տոկոսով վարակը կանխելու առումով։