«Թուրքիայում շատ ուժեղ են Ադրբեջանի դիրքերը, թուրքերն ու ադրբեջանցիները շատ մոտ ժողովուրդներ են, ուստի ես չեմ կարծում, որ Էրդողանի կառավարությունը ռիսկի կգնի հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցում»,- նման կարծիք է հայտնել Ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտման Սանկտ-Պետերբուրգի կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն ու հավելել. «Բայց մյուս կողմից Թուրքիայի կառավարությունը գտնվում է Արեւմուտքի ուժեղ ճնշման տակ եւ կրկին ամեն ինչ գնում է դեպի Ղարաբաղի խնդիր»:
Ռուս փորձագետը կարծիք է հայտնել, որ Անկարան այսուհետ եւս փորձելու է կոնսուլտացիաներ անցկացնել Ադրբեջանի հետ, բայց սահմանների բացումը ժամանակի հարց է: «Եթե դա բխի Անկարայի շահերից, իսկ ելնելով ամեն ինչից, դա նրա շահերից է բխում, ապա սահմանի բացումը ժամանակի հարց է: Սկզբունքորեն թուրքական հզոր տնտեսությունը կկլանի հայկական թույլ տնտեսությանը եւ հնարավոր է, որ դա կօգնի ԼՂ խնդրի լուծմանը: բայց հնարավոր է նաեւ, որ Հայաստանը կոշտացնի իր դիրքորոշումը»,- ասել է նա:



















