Կիրակի Քաբուլի անկումը եւ դրան հաջորդած Աֆղանստանից ամերիկյան քաղաքացիների անհապաղ տարհանումը օրենսդիրների վրդովմունքի պատճառ են դարձել, եւ շատ հանրապետականներ հայտարարել են, որ նախագահը պետք է հեռանա: Այս մասին գրում է The Washington Examiner-ը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինն ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել նախագահ Ջո Բայդենի իմպիչմենտի վերաբերյալ բանաձեւի երեք նախագիծ:

«Ամերիկացիների անունից ես այսօր հոդվածներ եմ ներկայացրել Ջո Բայդենի իմպիչմենտի վերաբերյալ՝ Աֆղանստանում իր պարտականությունների չկատարման պատճառով»,- Twitter-ում գրել է հանրապետականը, որը Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի եռանդուն կողմնակիցն է:

Գրինի խոսքով՝ Բայդենը պետք է հեռացվի իշխանությունից, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հարավային սահմանին միգրացիոն ճգնաժամի եւ «սահմանադրական հավասարակշռության խախտման» պատճառով, ինչին հանգեցրել է նրա կողմից «Գերագույն դատարանի կանոնների անտեսումը»:

Թրամփը կրկին հանդես է եկել Բայդենի հրաժարականի պահանջով՝ այդ մասին հայտնելով իր անունից ուղարկված էլ. նամակում:

Չնայած բոլոր մեղադրանքներին՝ Բայդենն ասել է, որ մտադիր է վերընտրվել 2024 թվականին, ինչը նշանակում է, որ նա չի պատրաստվում թոշակի գնալ: Ըստ վերջին ընտրությունների արդյունքների՝ Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են Դեմոկրատական ​​կուսակցության կողմից, եւ հանրապետականների ​​նախաձեռնությունը դժվար թե աջակցություն գտնի երկրի օրենսդիր մարմնում, գրում է պարբերականը: