ԱՄՆ իշխանությունները կոչ են անում Աֆղանստանում գտնվող իրենց քաղաքացիներին ինքնուրույն չմեկնել Քաբուլի օդանավակայան՝ վտանգի հավանականության պատճառով, եթե նրանք համապատասխան ցուցումներ չեն ստավցել: Այս մասին ասվում է Քաբուլում Ամերիկյան դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Քաբուլում անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է արագորեն փոխվել, այդ թվում՝ օդանավակայանում: ԱՄՆ քաղաքացիները պետք է մնան այնտեղ, որտեղ գտնվում են: Թռիչքի մանրամասների կամ թարմացումների համար մի զանգահարեք Քաբուլում ԱՄՆ դեսպանատուն: Մոտակա մեկնելու մասին մենք ձեզ կտեղեկացնենք էլեկտրոնային փոստով»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Քաբուլի օդանավակայանի մուտքի մոտ անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել օդանավակայան գնալուց կամ մուտքի մոտ մնալուց, եթե դուք համապատասխան անհատական ցուցումներ չեք ստացել ԱՄՆ իշխանության ներկայացուցչից»,- ասել են դիվանագետները:
Դեսպանատունը նաեւ խորհուրդ է տվել ամերիկացիներին լինել շատ զգույշ ամբոխի մեջ գտնվելիս եւ հետևել տեղական իշխանությունների ցուցումներին:





























