Կենդանաբանական այգու պահապանը, որին կծել եւ ջրի մեջ է քարշ տվել ալիգատորը, պաշտպանել է կենդանուն՝ ասելով, որ «ինքը սիրում է սողունին, եւ ալիգատորը չպետք է հետեւանքների բախվի»,- գրում է Sky News-ը:

Տեսանյութում արձանագրված միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին՝ երեխաների համար էքսկուրիայի ժամանակ: Ալիգատորը հարձակվել է կենդանաբանական այգու պահապան Լինդսի Բուլի վրա եւ կծել է նրա ձեռքը: Կնոջ վերջույթը փրկել հաջողվել է միայն այցելուների շնորհիվ, ովքեր նրան խլել են ալիգատորից, եւ բժիշկների շնորհիվ, որոնք հաջող վիրահատություն են արել:

Չնայած դրան, կինը կարծում է, որ Դարթ Գատոր անունով կենդանին չպետք է տուժի տեղի ունեցածի պատճառով: «Մենք պայքարելու ենք նրա համար մինչեւ վերջ: Առայժմ մենք ենք պատասխանատու նրա համար, հետեւանքներ չեն լինի: Նա պարզապես կենդանի է եւ արել է այն, ինչ կաներ ցանկացած կենդանի»,- ասել է Բուլը:

Նա ասել է, որ Դարթը հարձակվել է, քանի որ իր ձեռքը շփոթել է սննդի հետ: «Նա մտածեց, որ իմ ձեռքը հավի մեծ կտոր է եւ բռնեց այն»,- բացատրել է Բուլը:

Այժմ կենդանիների պաշտպանության մարմինները վերանայվում են ալիգատոր ունենալու կենդանաբանական այգու թույլտվությունը, այն կարող է չեղյալ համարվել:

Բուլը պատմել է, որ Դարթ Գատորի հետ աշխատել է ավելի քան երեք տարի, նրան սովորեցրել է շատ հրամաններ եւ նույնիսկ կարող է համբուրել ալիգատորի մռութը: «Օ, ես սիրում եմ նրան: Նա նման է ընտանիքի անդամի: Մյուս աշխատակիցները նույնպես սիրում են նրան: Բոլորը սիրում են Դարթին»,- ասել է պահապանը: