Մոսկվայի հատուկ ջոկատայինները «չարտոնված հանրահավաք անցկացնելու համար» ձերբակալել են Չերկիզովյան շուկայի 100-ից ավելի ձեռնարկատերերի, մեծամասամբ Ռուսաստանի քաղաքացիների։ Այդ մասին հայտնել է առեւտրականների նախաձեռնության «Չերկիզոն» խմբի առաջնորդ Լեոնիդ Ռազվոզժաեւը, ով եւս ձերբակալվածների թվում բերման է ենթարկվել «Իզմայլովյան» ներքին գործերի բաժանմունք։

Նա պատմել է, որ իրենց ծայրահեղ կոպիտ կերպով են ձերբակալել։ «Ես ինքս տեսա, թե ինչպես հատուկ ջոկատայինները ծիծաղելով խփում էին կանանց, ես էլ կապտուկներ ունեմ»,- ասել է նա։ Նրա խոսքով, ձերբակալվածների մեջ շատ են եղել լրագրողները։

Չերկիզովյան շուկան «Իզմայլովյան» դատարանի վճռով փակվել էր հունիսի 29-ին՝ անորոշ ժամկետով։ Վճռի ժամկետի լրանալու առիթով այն պետք է բացվեր հինգշաբթի։ Շուկա են եկել տասնյակ առեւտրականներ, սակայն ոստիկանները փակել են մուտքը եւ թույլ չեն տվել նրանց զբաղեցնել իրենց աշխատանքային տեղերը։ Առեւտուր սկսելն արգելող փաստաթուղթ ներկայացնելու խնդրանքին ոստիկաններն առաջարկել են դիմել ոստիկանության արեւելյան շրջանի ոստիկանական բաժին կամ Մոսկվայի քաղաքապետարան։

Ռազվոզժաեւի խոսքով, ոստիկաններն ասել են ձերբակալվածներին, որ հրամանը տվել է հյուսիսարեւելյան ադմինիստրատիվ շրջանի ոստիկանությունը։ Գործարարը նաեւ հայտարարել է, որ ինքը եւ իր գործընկերներն իրենց իրավունքները պաշտպանելու համար հոկտեմբերի 14-ին արհմիություն են ստեղծել։