ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանի կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել օգոստոսի 19-ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Հովակիմյանին՝ դատարանի նախագահի կողմից։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել Մելքոնյանին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաեւ փոխհատուցել՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի համար։ Որպես երրորդ անձ է նշվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։
Հիշեցնենք, որ Մելքոնյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարել էր, թե, իբր, Ա. Վանեցյանի գլխավորած զորախումբը փախուստի է դիմել.
«Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։
Մելքոնյանի այս հայտարարությունից հետո Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով հայցադիմում ներկայացնելու որոշման մասին։





























