«Ֆիզգորոդոկ» թաղամասի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Երեւանի քաղաքապետարանը որոշել է ուսումնասիրություններ անցկացնելու համար երկու օրով կասեցնել շինարարական աշխատանքները։ NEWS.am–ի հետ զրույցում, սակայն, բնակիչներից մեկը հայտնեց, որ այսօր շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը մեքենայով բերել և փողոցի վրա է լցրել բետոններ։

«Ընկերության իրավաբանը մեզ ասաց, որ մենք շարունակելու ենք մեր աշխատանքները։ Բետոնները բերել են ու աշխատակիցները ոստիկանների հետ փողոցի մյուս կողմում կանգնած են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչներից մեկը։

Նշենք, որ տարածքում այս պահին նաեւ ոստիկաններ կան։ Նրանք քաղաքացիական մեքենաների մեջ նստած սպասում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն ավելի շատ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անվամբ, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20 եւ 21-ին  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։

Իսկ այսօր թաղամասի բնակիչներից մի քանիսը հանդիպում էին ունեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, իսկ բնակիչների մյուս մասը քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել։