Թալինի բժշկական կենտրոնը հրաժարվում է մեկնաբանել 31-ամյա ծննդկանի մահվան դեպքը։

NEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից հորդորեցին սպասել փորձագիտական եզրակացությանը։

Բժշկական կենտրոնի աշխատակիցը հայտնեց, որ  նորածնի վիճակը լավ է։

«Երեխան ողջ է սեռն էլ՝ աղջիկ է։ Մեզ մոտ է կեսարյան հատումն արվել, ընթացքը նորմալ է եղել, իսկ վատացումը եղել է հետո։ 37 շաբաթական է եղել հղիությունը։ Հարթ ընթացքով հղիություն է եղել»,- հայտնեցին բժշկական կենտրոնից։

31-ամյա ծննդկանը՝ Անահիտը, ուներ 6 տարեկան տղա ու աղջիկ։ Նրա հարազատները մեզ հետ զրույցում հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ, նշելով, որ դեռ ցանկանում են սպասել փորձաքննության արդյունքներին։ Այսօր 31-ամյա ծննդկանի հուղարկավորությունն է եղել։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այդ դեպքի առնչությամբ։ Նշվում է, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են քրեական գործ հարուցելու օրինական հիմք. այդպիսով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։