Հոկտեմբերի 14-ին Բուրսայի մարզադաշտում հազարավոր թուրքական դրոշների կողքին ծածանվել է ընդամենը մի քանի հայկական դրոշ, որոնցից մեկն էլ պարզել էին Հայաստանից Թուրքիա մեկնած լրագրողները:
Հայ լրագրողների պարզած դրոշն, ի դեպ, լուրջ միջադեպի պատճառ էր դարձել:
Բուրսայի մարզադաշտում էր գտնվում նաեւ NEWS.am-ի թղթակից Անդրանիկ Իսպիրյանը, որն էլ պատմեց, թե «ինչ հյուրընկալ» են ընդունել թուրքերը հայ լրագրողներին:
«Քանի որ Բուրսայի մարզադաշտում չէին երեւում հայկական դրոշներ, հայ լրագրողները մեկ հայկական դրոշ էին պարզել, որը ծածանում էին լրագրողական տրիբունայից: Մեզ մոտեցավ պատասխանատուներից մեկը եւ հայտարարեց, թե լրագրողական տրիբունայից դրոշ չի կարելի ծածանել: Ես նրան բացատրեցի, որ քանի չկա հայկական դրոշ, մենք՝ որպես հայ, պարտավոր ենք մեկ դրոշ պարզել, քանի որ մենք մեր թիմի երկրպագուն ենք»,- պատմեց թղթակիցը՝ հավելելով, որ իրեն սպառնացել են, թե խնդիրներ կունենա իրավապահների հետ:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, թուրք պաշտոնյաների հետ նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներից մեկն էր հայ լրագրողներին ստիպում թաքցնել հայկական եռագույնը, սակայն լրագրողը չի ենթարկվել հայ պաշտոնյային:
Դրոշը պարզելու համար NEWS.am-ի թղթակիցը բանակցություններ է վարել նաեւ Թուրքիայի ֆեդերացիայի մամուլի պատասխանատուի հետ: «Երբ դուք Հայաստան էիք եկել, ձեր առջեւ խոչընդոտներ հարուցե՞լ են» հարցին թուրք պաշտոնյան պատասխանել է. «Ոչ, Հայաստանում մեզ շատ լավ են դիմավորել»: Թուրք պատասխանատուն բանակցություններ է վարել նաեւ իր ղեկավարների հետ, եւ, տեսնելով, որ հայ լրագրողները մտադիր չեն ընկրկել, ստիպված են եղել թույլատրել Բուրսայի մարզադաշտում հայկական դրոշ պարզել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացավ Հայաստան-Թուրքիա հավաքականների ֆուտբոլային հանդիպումը, որին հետեւում էին նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը: Հայաստանի հավաքականը, ինչպես եւ 2008թ. սեպեմբերի 6-ին Երեւանում կայացած մրցավեճում, պարտվեց 2:0 հաշվով:




























