Ռուսաստանը չի ցանկանում ամերիկացի զինվորականների տեսնել Կենտրոնական Ասիայում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ Wall Street Journal-ը հարցրել է՝ արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա ամերիկացի զինվորականների տեսնել Կենտրոնական Ասիայում: Ոչ: Նախ, մենք ունենք անվտանգության ընդհանուր տարածք, եւ այդ տարածքն ունի իր պարտավորությունները: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որը ենթադրում է բոլոր դաշնակիցների համաձայնությունն իրենց տարածքում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման հետ կապված հարցերում»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, հիմնական պատճառն այն է, որ ամերիկացիները ցանկանում էին, հեռանալով Աֆղանստանից, իրենց ենթակառուցվածքների եւ զենքի մի մասը, զինծառայողներին տեղակայել հարեւան երկրների տարածքում, որպեսզի անհրաժեշտության դեպքում այնտեղից հարվածներ հասցնեին Աֆղանստանի տարածքի ուղղությամբ, եթե Աֆղանստանն «իրեն վատ պահի»: «Եթե կարծում եք, որ ինչ-որ երկիր, լինի դա Կենտրոնական Ասիան կամ այլ, շահագրգռված է նման թիրախ դառնալ, որպեսզի ամերիկացիները բավարարեն իրենց ինչ-որ նախաձեռնություններ, ես խիստ կասկածում եմ, որ դա որեւէ մեկին պետք է»,- ասել է Լավրովը:





























