Թուրքիան քուրդ զինյալների դեմ պայքարելու համար Ռուսաստանից մարտական ուղղաթիռներ կգնի, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
Ներկայումս թուրք զինվորականների պատվիրակությունը գտնվում է Ռուսաստանում, որպեսզի տեսնի ռուսական Մի-28 ուղղաթիռը եւ դրանց գնման շուրջ բանակցի: Թուրք զինվորական ներկայացացուցիչները նշում են, որ Թուրքիային առնվազն 12 ռազմական ուղղաթիռ է անհրաժեշտ: Թուրքիան ահաբեկչության դեմ դեռեւս օգտագործում է նախկինում գնած ամերիկյան «Կոբրա» ռազմական ուղղաթիռները: Թուրքիան 12 նոր «Կոբրա» ռազմական ուղղաթիռներ գնելու համար դիմել է ԱՄՆ-ին, սակայն ԱՄՆ-ը հրաժարվել է վաճառել, պատճառաբանելով, որ տվյալ պահին նման ուղղաթիռներ չի վաճառում: Ամերիկացիների նման պատասխանից հետո Թուրքիան ստիպված շրջվել է Ռուսաստանի կողմը:



























