Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուկրաինայի Խարկովի մարզի նահանգապետ Արսեն Ավակովին:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի մարզերի միջեւ ուղղակի կապերն ու համագործակցությունը առեւտրատնտեսական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում հանդիսանում է երկու երկրների միջեւ փոխշահավետ գործընկերության առաջնային ուղղություններից մեկը: Նա վերահաստատել է հայկական կողմի շահագրգռությունն այդ կապերն ընդլայնելու եւ զարգացնելու հարցում` շեշտելով, որ Խարկովի մարզը հետաքրքիր գործընկեր է, որի հետ փոխշահավետ համագործակցությունն ունի հարուստ պատմություն:

Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորել են նախորդ օրը Ուկրաինայի Խարկովի մարզի եւ Հայաստանի մարզերի միջեւ ստորագրված Արձանագրությունը համագործակցության մտադրությունների վերաբերյալ:

Նահանգապետ Ավակովն ու իր գլխավորած պատվիրակությունը ներկայացրել են համագործակցության մի շարք առաջարկներ՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ մի շարք այլ բնագավառներում: