ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ  գործողությունների արդյունքում պարզվել են Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարը, 2005թ. մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:

Բացի այդ, վերջինս օժանդակել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական  պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու  դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, խոշորացված համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել  է վերջինիս անունից կայացված բազմաթիվ որոշումներ՝ էական վնաս պատճառելով հասարակության եւ պետության օրինական շահերին:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի կողմից 2017թ. նոյեմբերի 10-ին նշված պաշտոնն ստանձնելուց հետո նրա տեղակալներից մեկը նույն օրը, իսկ մյուսը՝ 2018թ. դեկտեմբերին նշանակվելով նշված պաշտոնին, օժանդակել են նշված համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու  դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, համայնքի ղեկավարի փոխարեն, ստորագրել  են նրա անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության եւ պետության օրինական շահերին:

Պարզվել է նաեւ, որ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարը, նույն համայնքի ղեկավարի կողմից իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, նրա կողմից 2017-2020թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի չհաճախելու՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կեղծ տեղեկություններ  մտցնելով՝ պատրաստել է կեղծ փաստաթղթեր՝ համայնքի ղեկավարի կողմից պատշաճ աշխատանքի ներկայանալու մասին, ինչի արդյունքում տվյալ ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել եւ վերջինիս բանկային քարտին փոխանցվել է զգալի չափի գումար, որը համայնքի ղեկավարը յուրացնելու եղանակով հափշտակել է:

 Բացի այդ, համայնքի աշխատակազմի քարտուղարը, 2018թ. հուլիսից մինչեւ 2020թ. փետրվարի 3-ն ընկած տարբեր ժամանակահատվածներում, համայնքի ղեկավարի կողմից տարբեր պատճառներով աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ տվյալ ժամանակահատվածներում համայնքի ղեկավարի կողմից իբր  կայացված որոշումներ, որոնք իր ստորագրությամբ եւ կնիքով վերջինս հաստատել է: Համայնքի աշխատակազմի քարտուղարը համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել է նաեւ վերջինիս անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության եւ պետության օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով, 3152-րդ հոդվածով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի տեղակալներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով,  38-314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) եւ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: