«Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին հայկական հավաքականը խաղացել է այնքան, որքան կարողացել է եւ այն փաստը, որ մեր ֆուտբոլիստները պարտվել են, երբեք չի նշանակում, որ ավելի քիչ հայրենասիր են, քան երկրպագուները, որոնք հետեւել են խաղին հեռուստաէկրանների մոտ նստած»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հանրապետական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը: Նրա խոսքով, հայկական հավաքականը ավելի քիչ շանսեր է ունեցել թուրքերին հաղթելու համար, քանի որ թուրքական ֆուտբոլը ավելի ուժեղ է հայկականից: «Դա նույնն է, եթե մեղադրնք բրազիլական հոկեյի հավաքականին այն բանի համար, որ նրանք պարտվել են կանադացիներին»,- նշել է հանրապետական պատգամավորը:

Նա նաեւ հիմարություն է համարել որոշ քաղաքական գործիչների այն պնդումները, որ ֆուտբոլի հավաքականի պարտությունը նշանակում է նաեւ ֆուտբոլային դիվանագիտության պարտություն: Հարցին, թե ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն այդքան լայն ժպտում ֆուտբոլային խաղի ժամանակ, Շարմազանովը մի փոքր շփոթվելով պատասխանել է. «Նախագահը ժպտում էր, որովհետեւ գեղեցիկ գոլ էր խփվել»: Այնուհետեւ հասկանալով իր սխալը, իրեն ուղղել է. «Նախագահը ժպտում էր, որովհետեւ գեղեցիկ խաղ էր»::

Նա նաեւ դատապարտել է փաստը, որ հայ լրագրողների ավտոշարասյան ուղղությամբ քարեր են նետել: «Դա խոսում է այն մասին, որ թուրքական հասարակությանում դեռ հանդուրժողականության դեֆիցիտ կա»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան խաղն ավարտվել է 2:0 հաշվով ի օգուտ թուրքերի: Խաղին հետեւել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը: