Հայ-թուրքական արձանագրությունների անմիջական հետեւանքը կլինի այն, որ ազատագրված տարածքները կհանձնվեն։ Հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։ Նրա այդ կարծիքը հիմնավորված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն հայտարարությամբ, որ Ղարաբաղի ստատուս-քվոն չի կարող երկար պահպանվել, եւ անմիջապես պետք է ձեռնամուխ լինել ազատագրված տարածքների հանձմանը։
Մյուս հետեւանքը, ըստ մարքսիստի, լինելու է այն, որ Սփյուռքը հայտարարելու է, թե ինքն է Ցեղասպանության ճանաչման պահանջատերը եւ այդ խաղաքարտերը ոչ մեկին չի զիջի։
Քաղաքական գործչի կարծիքով, Ղարաբաղը Սփյուռքին հետեւելով՝ կհայտարարի, թե ինքն է ազատագրված 7 տարածքների ճակատագրի հանգուցալուծողը։
Ներքաղաքական կյանքին անդրադառնալով՝ Հակոբյանն ասաց, որ այսօր իշխանափոխությունը պատմական անհրաժեշտությունն է:
«Ազգային շահերը պահանջում են նոր լիդեր»,- նշեց Հակոբյանը։
Մարքսիստական կուսակցության ղեկավարը ՀՅ Դաշնակցության ծավալած վերջին գործողությունների մեջ անկեղծություն չի տեսնում. «Դաշնակների այսօրվա արտասուքի մեջ աղ չկա, չեմ հավատում նրանց հոխորտանքին եւ անկեղծությանը»:




























