Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են ԱՀ խորհրդարանում: 

Ողջունելով հյուրերին ՝Աժ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նրա մարդկային և մասնագիտական որակները՝ առանձնապես ընդգծելով Նարեկ Մկրտչյանի գործունեությունը անհետ կորած ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ: Հանդիպմանը քննարկվել է պատերազմից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության միջոցով իրականացված շուրջ 15 ծրագիր:

Նախարարի տեղեկացմամբ նախատեսվում է վերաձևել այդ ծրագրերը՝ դրանք ավելի թիրախային ու նպատակային դարձնելու ակնկալիքով: 
«Մեր նպատակն է՝ աստիճանաբար այլընտրանքներ զարգացնելով ու ներկայացնելով սոցիալական ուղիղ աջակցությունից անցում կատարել դեպի զարգացման ծրագրեր», -շեշտել է Նարեկ Մկրտչյանը: 

Նախարարը նշել է ,որ Արցախ այցելելու գլխավոր նպատակն է ներկայացնել սոցիալական բիզնեսի ներդրման նոր ծրագիր, որը կներառվի պետական աջակցության ծրագրերում: Հայաստան համահայկական, հայկական բարեգործական հիմնադրամների, մասնավոր անհատների և սփռյուքի հայ գործարարների հետ պայմանավորվածություններ ունեն նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման համար: 

Այս առումով նախարարը կարևորել է արցախցու՝ Արցախում բիզնես ծրագիր իրագործելու խնդիրը, Արցախի ժողովրդագրական և սոցիալական անվտանգությունը: 

Հանդիպմանը անդրադարձել են նաև ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած տեղահանված արցախցիների կացարանների և Արցախում բնակարանաշինությանն առնչվող հարցեր:

 Քննարկման փուլում է աջակցության որոշ ծրագրերի հնարավոր շարունակականության հարցը: 

Հանդիպմանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: