ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մասնավորապես՝ այս ընկերության գինու արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, չկա գործող կոյուղուն միացված սանհանգույց, տաք եւ սառը ջրով, ձեռքերի լվացման եւ ախտահանման միջոցներով ապահովված լվացարաններ, խմելու ջրի անխափան մատակարարում նույնպես չի եղել:
Նույնպիսի խախտումներ արձանագրվել են նաեւ ընկերության պահածոների պատրաստման արտադրամասում: Նաեւ՝ պատրաստի արտադրանքի պահեստը եղել է այնպիսի վիճակում, որ այնտեղ հնարավոր չէ կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում:
«Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ գինու եւ պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:



























