Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հերքել է թուրքական լրատվամիջոցներում տարածված լուրը՝ այն ապատեղեկատվություն անվանելով:

Հիշեցնենք, որ թուրքական Hürriyet պարբերականը տեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին Բուրսայում իբր CNNTurk-ին հայտնել է, թե իր նախաձեռնած համահայկական ուղեւորության նպատակը ոչ թե սփյուռքահայերին համոզելն է եղել, այլ ընդունված որոշման մասին տեղյակ պահելը:

«Թուրքիա այցելության ընթացքում որեւէ ճեպազրույց տեղի չի ունեցել, ՀՀ նախագահի կողմից որեւէ հայտարարություն չի հնչել: Իսկ ժամանակագրությունը համեմատելով` ակնհայտ է, որ արձանագրությունների ստորագրման մասին որոշումը կայացվել է նախատեսված վեցշաբաթյա հանրային քննարկումների ավարտի, նախագահի համահայկական ուղեւորության եւ օրակարգային համապատասխան հարցով Ազգային Անվտանգության Խորհրդի նիստից հետո միայն: Այսպիսով` թուրքական մամուլի հիշատակած հրապարակումը պարզ ապատեղեկատվություն է»,- նշել է Սամվել Ֆարմանյանը: