Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի հետ չես տխրի։ Նա բազմաթիվ կերպարանքներ ունի , որոնցից յուրաքանչյուրի հետեւում անմիջականորեն ի հայտ եկող մեծ զգայականություն է թաքնված։ Նրա ուսին Չե Գեւարայի դաջվածքն է, ումով նա հիանում է, նրա մոտ ընկերը Ֆիդել Կաստրոն է, իսկ ինքն էլ մեկ անգամ չէ, որ ջախջախիչ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի՝ Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ գործողությունները։

«Ճշմարտության ժամը» Դոն Դիեգոյի համար եկավ հոկտեմբերի 14-ին, երբ ճակատագրական, իր համար կարելի է ասել ելքային մրցախաղում, իր ղեկավարած հավաքականը հանդիպեց Ուրուգվայի հավաքականի հետ։ Հաղթանակի դեպքում նրանք կարժանանային աշխարհի առաջնության ուղեգրին, որին, չնայած մեծ ջանքերով, բայց ի վերջո արժանացան։ Խաղից հետո տեղի ունեցող ասուլիսի ժամանակ Մարադոնան իր սովորական զգացմունքայնությամբ ասել է.

«Ես խնդրել էի իմ խաղացողներին դուրս գալ դաշտ եւ տրվել խաղին, ինչը իրենք արեցին։ Ես շնորհակալություն եմ հայտնում տղաներին, որոնք տղամարդու պես խաղացին եւ իրենց խաղով ինձ հարգեցին։ Իմ երկրի ԶԼՄ-ները ինձ վերաբերվում էին ինչպես աղբի, այդ պատճառով էլ ես այս հաղթանակը նվիրում եմ բոլորին, բացի իրենցից։ Հիմա նրանք, ովքեր չէին հավատում մեր ուժերին, թող հիմա…», եւ շարունակությունն արդեն հայհոյախառը արտահայտություններ…