Հոկտեմբերի 14-ին Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելության ավարտը հայ-թուրքական բանակցային գործընթացի մեկ փուլի ավարտն է: Այս մասին հոկտեմբերի 15-ին «Դե ֆակտո» ակումբում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը եւ հավելել. «Երկրորդ փուլը կավարտվի, երբ արձանագրությունները վավերացվեն թե Հայաստանի, եւ թե Թուրքիայի խորհրդարանների կողմից, ինչը բավականին ժամանակ եւ ջանքեր կպահանջի»:

Թուրքագետի հավաստմամբ, եթե այսօրվա իրավիճակը մենք համեմատենք մի քանի ամիս առաջվա իրավիճակի հետ, ապա մենք կտեսնենք, որ Հայաստանն իրոք արել է մեկ քայլ առաջ, իսկ հայ-թուրքական սահմանի բացումը կախված է առաջին հերթին Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացումից, որը դեռեւս հարցականի տակ է։

«Թուրքիան փաստաթղթերի վավերացման ժամանակը կօգտագործի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- նկատել է Սաֆրաստյանը՝ սակայն ընդգծելով նաեւ այն հանգամանքը, որ սահմանի բացմամբ Թուրքիան նոր աշխարհաքաղաքական դեր է փնտրում, ասել է. «Թուրքիան փորձում է կանխել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ընդունման գործընթացը, ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, ինչպես նաեւ ուզում է դառնալ էներգետիկ սնուցման կարեւոր կենտրոն»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի Բուրսա քաղաքում հայերի նկատմամբ արտահայտված բացասական երեւույթներին, ապա Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիայի հասարակության մեջ վերջերս ավելի է ուժեղացել անհանդուրժողականությունը, որը վկայում է, թե Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալ։ «Թուրքիայում ակտիվացել են ծայրահեղական գործողությունները, իսկ դա չի համապատասխանում Եվրամիության պահանջներին»,- եզրափակեց թուրքագետը: