Հոկտեմբերի 15-ին «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը։ Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, քանի դեռ Հայաստանի նախագահը գտնվում էր Թուրքիայում եւ կարգավորում էր հայ-թուրքական հարաբերությունները, «Ժառանգության» պատգամավորները կրկին նախաձեռնել են խորհրդարանում Ղարաբաղի ճանաչման մասին հարցի բարձրացումը։

Օրենքի ընդունման դեպքում փաստաթուղթը ուժի մեջ կմտնի նրա պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։ Խմբակցության պատգամավորները հույս ունեն, որ այս անգամ խորհրդարանը կընդունի նախագիծը՝ նկատի առնելով ԼՂՀ-ի շուրջ գործընթացը։

Սակայն, ինչպես կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, կմերժի այդ օրինագիծը։ Ըստ Շարմազանովի, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը չպետք է ինքնանպատակ լինի, «մեր նպատակը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը»։

Նշենք, որ ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովին արդեն ներկայացրել էր «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրինագիծ, սակայն այն այդպես էր չէր ընդգրկվել ԱԺ-ի օրակարգում։