ՀՀՇ վարչության շենքի մոտ արդեն երրորդ օրը հացադուլ հայտարարած Կարեն Կարապետյանին երեկ երեկոյան միացել են եւս մի քանի հացադուլավորներ, որոնց պահանջը մեկն է՝ ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, թեեւ հուլիսի 1-ին ոստիկաններն էին հարձակվել եւ դաժանն ծեծի ենթարկել հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդներին, իսկ Տիգրան Առաքելյանը տեղափոխվել էր վերակենդանացման բաժին։
Կարեն Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս պահին հացադուլ են հայտարարել ինքը, Առաքել Սեմիրջյանը, Նարեկ Այվազյանը եւ Արայիկ Միրզոյանը: Երեկ երկու երիտասարդներ՝ ՀՀՇ երիտթեւի ներկայացուցիչներ Սարգիս Գեւորգյանն ու Սարգիս Խաչատրյանն էլ էին միացել, բայց ավագների խնդրանքով անչափահասները դադարեցրել են հացադուլը: «Նրանք կշարունակեն իրենց պայքարը այլ տեսքով՝ նստացույց եւ այլն: Ի դեպ, այսօր կամ վաղը նստացույց է սկսվելու: Իսկ հացոդուլը կշարունակենք մինչ Տիգրանի որոշումը: Մենք միացել ենք իր հացադուլին, եւ ինքն է որոշելու, թե երբ ենք ավարտելու»,- նշեց Կարեն Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ երեք օր հացադուլի մեջ գտնվելուց հետո էլ առողջական գանգատներ եւ ֆիզիկական թուլություն չունի: «Պարզապես ցանկանում եմ կոչ անել Հիպոկրատի երդում տված անձանց, որ հավատարիմ մնան եւ այցելեն՝ գոնե ճնշումը ստուգեն»,- նեղսրտեց Կարապետյանը եւ հավելեց, որ իրենք հացադուլի մասին իրազեկել են Մարդու իրավունքների պաշտպանին եւ քաղաքապետարանին. «Մնացած բոլոր հարցերով պարտավոր էր զբաղվել քաղաքապետարանը, բայց որեւէ քայլ չի ձեռնարկել: Միայն երեկ շտապօգնություն եկավ, այն էլ մեր կանչով: Ասացին, որ գրանցվում է որպես մասնավոր կանչ»: Հացադուլավորների մոտ բացի Տիգրան Առաքելյանի ազատությունը պահանջող պաստառներից փակցված էին նաեւ նկարներ, որ պատկերում էին ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցներին, որոնք էլ հուլիսի 1-ին առանց զգուշացման եւ տարբերանշանների հարձակվել էին երիտասարդների վրա: «Թող մարդիկ տեսենն իրական հանցագործներին՝ ոստիկաններին: Ոստիկաններն են իրական հանցագործները, ծեծի ենթարկողները, ատճանակի կոթով երիտասարդների, այդ թվում՝ Տիգրան գլխին հարվածողները: Եւ երեք երիտասարդ այդ հարձակման արդյունքում հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Կարապետյանը: ՀՀՇ վարչության անդամը նաեւ նշեց, որ իրենց ակցիայով չեն ակնկալում, թե իշխանությունները խելքի կգան եւ արդարացի լուծում կտան հարցին: «Կարեւորը հասարակական հնչեղությունն է, որ հասարակությունը տեսնի, որ ոչ մեկի իրավունքների ոտնահարումը չի մոռացվում, եւ մենք պատրաստ ենք պայքարել ցանկացած մարդու իրավունքների վերականգնման համար»:
Հացադուլավորներից Առաքել Սեմիրջյանն իր հերթին նշեց, որ հացադուլ է հայտարարել, որ Տիգրան Առաքելյանն իմանա, որ ինքը մենակ չէ եւ իր համար պայքարում են: «Տիգրանը, լինելով փոքրամարմին տղա, շատ ավելի հզոր է, քան 150-200 կգ-անոց մենթերը: Եթե 50 կգ-անոց տղան կարողանում է 6-7 ոստիկանի ծեծել, նշանակում է, որ երկու ադրբեջանցի կարող են գալ եւ ինչ ուզեն, անեն, գրավեն ցանկացած հիմնարկ: Սա երկրի, պետության խայտառակությունն է: Եթե ոստիկանությունը արժանապատվություն ունենար, գործ չէր սարքի Տիգրանի դեմ: Սա նաեւ սպայի պատիվն է, որ ամոթ է, որ մարդ կարող է այնքան իջնել, որ փոքրամարմին երիտասարդի վրա գործ սարքի»,- արձանագրեց Առաքել Սեմիրջյանը:



















