Ադրբեջանի «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ջոաննա Հանսենի հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքից։

Ինչպես գրված է կուսակցության պաշտոնական կայքէջում, Ահմեդովը բողոքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության վերաբերյալ եւ ասել է, որ ադրբեջանցի ժողովուրդը գոհ չէ այդ խմբի ոչ օբյեկտիվ գործունեությունից։

Հանդիպմանը, «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան միշտ էլ պաշտպանել է Ադրբեջանի շահերը, եւ վստահեցրել է , որ այդ կապերը ավելի կզարգանան։

Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի իշխող կուսակցության փոխնախագահը ամերիկացի դիվանագետին մանրամասն տեղյակ է պահել հոկտեմբերի 23-ին կայանալիք համապետական ընտրությունների նախապատրաստության մասին։