Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին նիստ է գումարելու՝ Երեւանի թիվ 10 ընտրատարածքում նոր ընտրություններ նշանակելու եւ ժամանակացույց հաստատելու համար:
ԿԸՀ-ն վերջապես Ազգային ժողովից ստացել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին արձանագրությունը:
ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը NEWS.am-ին հայտնեց, որ արձանագրությունը ԿԸՀ է ստացվել հոկտեմբերի 12-ի երեկոյան, իսկ հաջորդ օրը՝ մուտք է արվել:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, 2008թ. մարտից հետախուզման մեջ գտնվող եւ սեպտեմբերի 2-ին իրավապահներին հանձնված Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ դա պատճառաբանելով հանգամանքով, որ չի ցանկանում աշխատել «անսկզբունքային խորհրդարանում»: Սեպտեմբերի 30-ին լրացել էր այն ժամկետը, երբ Սուքիասյանը կարող էր ետ վերցնել իր դիմումը, սակայն նա, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, ետ չվերցրեց այն:
Թիվ 10 ընտրատարածքում նոր ընտրությունները կայանալու են նիստի օրվանից 80 օր անց: Արդեն իսկ հայտնի է, որ այդ տարածքում իրենց թեկնածությունն են առաջադրելու ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Վահան Բաբայանը՝ ՄԻԱԿ-ից եւ Տիգրան Ուլիխանյանը՝ Առաջադիմական կուսակցությունից:




























