Հայ-թուրքական արձանագրությունների դեմ ստորագրահավաքը «Միացում» նախաձեռնությունը այսօր կազմակերպել է Նոր Նորքի 4-րդ զանգվածում, թաղապետարանի դիմացի մայթին գտնվող «Մերսեդես մոթորս»-ի մոտ: Ինչպես NEWS.am-ին փոխանցեց նախաձեռնության անդամ Աշոտ Միսակյանը, ոստիկանները առավոտյան փորձել են տապալել ստորագրահավաքը, սակայն բանակցություններից հետո հաջողվել է այն շարունակել: Ոստիկաններից հետո, մոտ մեկ ժամ առաջ ակցիայի կազմակերպիչներին են մոտեցել քաղաքացիական հագուստով շուրջ 15 մարդ եւ հրահանգել ազատել տարածքը։
«Մեզ ասում էին՝ մեր տարածքն է, թողեք գնացեք, ինչ եք ուզում: Մենք, իհարկե, ասացինք, որ չենք գնալու եւ շարունակելու ենք մեր ակցիան: Անընդհատ մոտենում են մարդիկ, ասում, որ պիտի հեռանաք, ամեն կերպ փորձում են խոչընդոտել մեզ»,- ասաց Աշոտ Միսակյանը:
Վերջինս նաեւ հայտնեց, որ քաղաքացիական հագուստով երիտասարդները շրջել են ստորագրահավաքի սեղանները, ինչից հետո «Միացման» ներկայացուցիչները ստիպված են եղել լքել տարածքը: Ի դեպ, տարածքում են եղել նաեւ ոստիկաններ՝ Նոր Նորքի փոխոստիկանապետի գլխավորությամբ, որոնք ոչ միայն չեն սաստել կատարվող ապօրինության մասնակիցերին, այլեւ իրենք են սադրել «Միացման» ակցիայի խոչընդոտումը:




























