Ամերիկայի Կոլորադո նահանգում դրամատիկ միջադեպ է տեղի ունեցել։ 6-ամյա տղան, նախնական տվյալներով, թռել է հելիումով լիցքավորված փոքրիկ օդապարիկով։ Ինքնաշեն օդապարիկն իր տղայի համար պատրաստել էր նրա հայրը եւ կապել բակում։ Ծնողները հավատացնում են, որ տղան իրենց համար անսպասելի կերպով մտել է զամբյուղի մեջ եւ թռել։

Տեղական իշխանությունները անակնկալի են եկել այդ աննախադեպ իրավիճակից, հայտնում է Associated Press-ը։ Ամերիկյան հեռուստաալիքները ուղիղ եթերում ցուցադրել են թռչող օդապարիկը, իսկ փրկարարական աշխատանքներին հետեւել են տասնյակ լրագրողներ։ Ինքնաշեն թռչող սարքը բարձրացած է եղել 2կմ եւ ընթացել 40կմ/ժ արագությամբ։

Օդ է բարձրացվել ազգայի գվարդիայի մի ուղղաթիռ, եւս մեկը պատրաստ է եղել թռիչքի։ Փրկարարները պատրաստվել են տղային էվակուացնել հենց օդում։ Սակայն երկու ժամից օդապարիկը դաշտում վայրէջք է կատարել, բայց երեխան դրա մեջ չի եղել։

Ինչպես հայտնում է Reuters-ը, մինչ փրկարարները որոնողական աշխատանքներ են տարել թռիչքի եւ վայրէջքի վայրերում, ինչպես նաեւ այն տարածությունում, որ անցել է օդապարիկը՝ 80կմ, պարզվել է, որ տղան չի էլ թռել, այլ թաքնված է եղել սեփական տան ձեղնահարկում։