«Հեռուստաընկերությունը կոլխոզի պահեստ չէ, որ պակասորդ արձանագրվի»,-մայիսի 24-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ արձագանքելով վերջին շրջանում տարածված այն լուրերին, թե Հանրային հեռուստառադիոընկերությունը յուրացրել է 5 մլն ԱՄՆ դոլար։ Ա. Հարությունյանը անհեթեթություն է բնորոշել նմանատիպ խոսակցությունները։
Նա միեւնույն ժամանակ հայտարարել է, թե գիտի՝ որ կենտրոններում են պատրաստում նմանատիպ լուրերն ու հոդվածները։
«Երբ սկսում ես հերքել կամ մեկնաբանել այդ լուրերը, փաստորեն, այդ կենտրոնների ջրաղացներին ջուր ես լցնում»,–ասել է Հարությունյանը՝ հավելելով, թե Հանրային հեռուստատեսությունում եւ Հանրային ռադիոյում վերջին 1-2 տարիների ընթացքում բազմաթիվ ստուգումներ են անցկացվել Վերահասկիչ պալատի եւ ֆինանսների նախարարության կողմից։ «Որեւէ ֆինանսական չարաշահում, պակասորդ կամ խախտում չի արձանագրվել»,– հավաստիացրել է Հարությունյանը՝ ընդգելով, թե Հանրային հեռուստաընկերությունը բաց է աշխատում, իսկ ֆինանսական հաշվետվությունը հրապարակված է armtv.com կայքում։
Նշենք, որ դեռ 2006-2008 թթ. ժամանակահատվածում Վերահսկիչ պալատը բազմաթիվ խախտումներ է բացահայտել ՀՀՌԽ-ում, որոնց մասին տեղեկությունը տեղադրված է Վերահսկիչ պալատի կայքում։


























