2010թ. մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված 2216-րդ բանաձեւը միակողմանի մոտեցումներ է պարունակում, քանի որ չի խոսվում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների ազատագրման մասին։ Այս մասին այսօր` մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանը:
«Խոսքը Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի հյուսիսային շրջանի, Մարտունիի որոշակի շրջանների, Արծվաշենի մասին է։ Ինչո՞ւ այս մասին չեն ասում»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսները, դեսպանները, պատվիրակությունները լավ չեն աշխատում։
«Ես համոզված հայտարարում եմ, որ նրանց մի մասը ճիշտ չի հասկանում իր առջեւ դրված խնդիրները: Կան դեսպաններ, որոնք միայն մտածում են այդ երկրում իրենց բիզնեսի մասին»,- ընդգծել է Հ. Կարապետյանը:
«Ադրբեջանա-թուրքական տանդեմն այսօր քաղաքական քարոզչական դաշտի վրա ամբողջ հզորությամբ աշխատում է։ Մե՞նք ինչ ենք անում։ Մենք ընդամենը պատասխանում ենք։ Ես չեմ ընդունում, որ մեր դիվանագիտությունը նախաձեռնող է։ Ո՛չ։ Մեր դիվանագիտությունը պաշտպանողական է, ոնց որ մեր ֆուտբոլը։ Փա՛ռք Աստծո, վերջերս գոնե մեկ-մեկ հաղթանակներ ենք տանում։ Թող դիվանագետներն էլ սովորեն ֆուտբոլից, մեկ-մեկ հաղթենք»,- նշել է դաշնակցական պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ դեսպանների հետ պետք է լուրջ պրոֆիլակտիկ աշխատանք իրականացնել, որ կա՛մ նրանք սկսեն աշխատել, կա՛մ կադրային բազան վերանայվի, եւ որոշ դեսպաններ ազատվեն աշխատանքից։ Իսկ ՀՀ ԱԳ նախարարի հրաժարականի վերաբերյալ ՀՅԴ-ի պահանջը, ըստ նրա, շարունակում է մնալ ուժի մեջ։



























