Այսօր Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները «Մատիբուլակ» պոլիգոնում կհետեւեն ՀԱՊԿ Արագ արձագանքման համատեղ ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2009» զորավարժություններին։ Սերժ Սարգսյանը, Նուրսուլթան Նազարբաեւը, Դմիտրի Մեդվեդեւը, Կուրմանբեկ Բաքիեւն ու Էմոմալի Ռահմոնովն արդեն ժամանել են զորավարժությունների անցկացման վայր։
Զորավարժանքներին չեն ժամանել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, զորավարժություններին մասնակցում են ընդհանուր առմամբ 14 հազար զինվորականներ, 90 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հարյուրավոր հրասայլեր։ Զորավարժությունների սցենարը, մարտավարությունն ու ռազմավարությունը մշակվել է ՀԱՊԿ ԱԱՀՈՒ միացյալ շտաբում։
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի ստորաբաժանումների հետ համատեղ «Հարավ» տարածաշրջանային հրամանատարության զորքերի գործողությունների խաղարկումը ներկայացված է մարտավարական երեք դրվագներով։
«Զորամիավորումները մշակել են ներխուժած պայմանական հակառակորդի ջախջախման, դիվերսիոն-հետախուզական խմբավորումների ոչնչացման ու փրկարարական աշխատանքների անցկացման եւ պայմանական այլ զորավարժանքների շուրջ գործողություններ»,- ավելի վաղ հաղորդել էր Ղազախստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Ռուսաստանը զորավարժություններում ներկայացված է մոտ 1000 մարդով, այդ թվում զինված ուժերից՝ 823 մարդով։
Ղազախստանից զորավարժանքներին կմասնակցի ավելի քան 1,5 հազար մարդ, Հայաստանից՝ 105, Ղրղզստանից՝ 86, Տաջիկստանից՝ 3 մարդ։ Բելառուսն ուղարկել է երկու դիտորդների։




























