«Իմ ցանկությունն է, ես ինձ շատ լավ կզգայի, եթե „Ա1+“-ը կարողանար եթեր վերադառնալ, որովհետեւ ես համարում եմ, որ Ա1+»-ը ամենապրոֆեսիոնալ թիմերից մեկն է",- այսօր՝ մայիսի 25-ին, այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Նա այս կերպ է պատասխանել հարցին՝ արդյո՞ք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի «Ա1+»-ը եթեր վերադառնա։ Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցին պատասխանելուց առաջ բողոքել է, որ իրեն լրագրողները հաճախ դնում են կա՜մ քաղաքական գործչի, կա՜մ էլ գուշակի տեղ։ «Ես կարող եմ միայն ցանկություն հայտնել։ Բայց արդյո՞ք կվերադառնա Ա1+»-ը եթեր, թե ո՞չ՝ ես չեմ կարող ասել",- հավելել է ՄԻՊ-ը։
Նշենք, որ երեկ՝ մայիսի 24-ին, ՄԻՊ գրասենյակում քննարկում է տեղի ունեցել՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցում էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին կապուղիների մրցույթ է հայտարարված, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Ա1+»-ը։




























