«Հայրենական արտադրության դեղորայքը, որն իր որակով չի զիջում արտասահմանյան նույնատեսակ արտադրանքին, որպես կանոն երեք-չորս, հաճախ մինչեւ տասն անգամ էժան է լինում դրանից»,- մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը։

Նրա խոսքով, USAID-ի ֆինանսավորմամբ մեկնարկած «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» խորագրով ծրագիրը նպատակ ունի հայ սպառողին ծանոթացնել հայրենական դեղարտադրողների գործունեության հետ, վստահություն ներշնչել նրանց կողմից առաջարկվող դեղորաքի հանդեպ։ «Գաղտնիք չէ, որ հայ սպառողը միշտ էլ նախապատվությունը տվել է արտասահմանյան արտադրության դեղամիջոցներին, սակայն մենք նպատակ ունենք ապացուցելու, որ հայաստանյան դեղորայքը ոչ միայն չի զիջում իր որակով, այլ հաճախ գերազանցում է արտասահմանյան արտադրանքին»,- հստակեցրեց Զաքարյանը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում արտադրվում են ավելի քան 300 տեսակի նույնանուն դեղեր, որոնք մինչ այդ ներմուծվում էին արտերկրից։

Նրա խոսքով, հայրենական արտադրության դեղորայքը այսօր մեծ հաջողությամբ իրացվում է հետխորհրդային մի շարք երկրներում, ինչպես օրինակ՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, ինչպես նաեւ աֆրիկական մի շարք երկրներում։ «Արտահանման ծավալները դեռեւս մեծ չեն, սակայն արվում է ամեն բան, որպեսզի կառավարության հետ համատեղ ջանքերով արտադրվող դեղորայքի որակի չափանիշները ընդունված ստանդարտներին համապատասխանեցնելով՝ արտահանման ծավալները մոտակա տարիներին կարողանանք զգալիորեն մեծացնել»,- նշեց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրենը՝ հավելելով, որ 2009-ին հանրապետություն ներմուծվել է շուկայում առկա դեղորայքի ավելի քան 65 տոկոսը։ «Այժմ Դեղարտադրողների եւ ներմուծողների միության 10 անդամ-ընկերություններն ապահովում են շուկայում առկա դեղորայքի 10-12 տոկոսը»,- ամփոփեց նա՝ տեղեկացնելով, որ 2010 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում 500 մլն դրամի դեղորայք է արտադրվել։

«Արփիմեդ» դեղագործական ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանն իր հերթին ավելացրեց, որ սպառողների իրավունքների պաշտանության համար իրենց ընկերությունը մտադիր է դրամական փոխհատուցման համակարգ ներդնել։