«Երկիրը դեռ ժողովրդավարական չէ եւ իշխանություններն էլ շատ դեպքերում ժողովրդավարական սկզբունքների հիման վրա մոտեցում չեն ցուցաբերում, մենք բազմիցս սրա մասին խոսել ենք, ի՞նչ պրոբլեմ կա»,- մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Նա այս կերպ է բացատրել այն հանգամանքը, որ խաղաղ հավաքների անցկացման վերաբերյալ օրենսդրությունը չի կիրառվում պատկան մարմինների կողմից, ինչի պատճառով էլ հակասություն է առաջանում օրենքի ու այն կիրառողների գործողությունների միջեւ։ «Այն, որ իրավակիրառ պրակտիկայի շատ խախտումներ ու շեղումներ պայմանավորված են նաեւ օրենսդրության ոչ պատշաճ մակարդակով, դա միանշանակ է, բայց միայն դա չէ պատճառը։ Օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խաղաղ հավաքներ անցկացնելու 6 հիմնարար սկզբունքներն ամբողջությամբ կամ մասնակի խախտված են»,-հայտարարել է ՄԻՊ-ը։ Նա միաժամանակ հավելել է. «Մենք չենք ասում, որ եթե օրենքը շատ պատշաճ մակարդակի լինի, բոլոր խնդիրները կլուծվեն այս երկրում, բայց շատ խնդիրներ կարող են նվազել»:
Երբ լրագրողներից մեկը ՄԻՊ-ին առաջարկել է զեկույցին կցել իր գնահատականն այն մասին, որ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտումները Հայաստանի իշխանությունների ոչ ժողովրդավար լինելու հետեւանք են՝ Արմեն Հարությունյանն արձագանքել է. «Միջազգային կառույցները շատ լավ էլ տեղյակ են Հայաստանում իրավակիրառական պրակտիկայի մասին։ Եւ զեկույցն էլ քաղաքական զեկույց չէ, որ դրանում գրենք՝ Հայաստանի իշխանությունները ժողովրդավար չեն։ Զեկույցում հստակ, կարմիր թելի պես գնում է, որ իրավակիրառ պրակտիկայի շեղումներն ու խախտումները միայն օրենքի բացերով չեն պայմանավորված»:
Արմեն Հարությունյանն այսօր հրապարակել է իր արտահերթ՝ «Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների իրավունքի մասին» թեմայով զեկույցը։



























