Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Բաթումում է։ Նավահանգստային քաղաքում նկարահանված տեսադուղերձը նա տեղադրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Ահա այն, իմ Բաթումը... Ես այնպես էի կարոտել այս տեղերին։ Այսօր կատարվեց իմ երազանքը, եւ այն վերջնականապես կիրականանա, երբ Վրաստանը ոտքի կանգնի»,- ասում է Սաակաշվիլին տեսանյութում, որը նկարահանվել է օրվա երեկոյան ժամերին, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Մենք բոլորս պետք է գնանք ամսի 2-ի ընտրություններին, քվեարկենք «Ազգային շարժման» օգտին, ոչ մի դեպքում Իվանիշվիլու, Գախարիայի, ինչ-որ ապուշ սատելիտների օգտին, եթե ձեզ դուր չի գալիս «Ազգային շարժումը», ձեր ձայնը տվեք համեմատաբար ազնիվ կուսակցություններին։ Այստեղ պետք է լիներ Բաթումի իմ Ամերիկյան տեխնոլոգիական համալսարանը, որը վերացրին։ Այսօր մենք կունենայինք ե՛ւ պատվաստանյութ, ե՛ւ քովիդը չէր լինի, ե՛ւ այսքան մարդ չէր մահանա»,- ասել է Միխայիլ Սաակաշվիլին։
Դատելով ըստ ամենայնի՝ առաջին ուղերձը տեսագրվել էր ճոպանուղու կողքին, որը գտնվում է Բաթում մուտքի մոտ, շատ բազմամարդ տեղ է, այնտեղ տեղադրված են հսկման տասնյակ տեսախցիկներ։ «Փիրվելի» հեռուստաալիքի լրագրողների հետ զրույցում մոտակա առեւտրային օբյեկտների աշխատակիցները տեղեկացրել են, որ նախօրեի գիշերը նախկին նախագահին չեն տեսել, թեեւ այնտեղ էին։
Ոստիկանական ուժերի որեւէ մոբիլիզացիա չի գրանցվել ոչ Բաթումի մուտքի մոտ, ոչ էլ մոտակա սահմանապահ կետում, Վրաստանի եւ Թուրքիայի սահմանի «Սարփի» մաքսակետում։
Ինչպես գրում է Առաջին ալիքը, Վրաստանի ՆԳՆ-ում չեն հաստատում տեղեկությունն այն մասին, որ Սաակաշվիլին հատել է պետական սահմանը։ Ընդ որում՝ գերատեսչությունում չեն ճշտում՝ գտնվո՞ւմ է արդյոք նախկին նախագահը երկրի տարածքում։
«Մթավարի» հեռուստաալիքի հետ զրույցում Սաակաշվիլու Կիեւի գրասենյակի աշխատակցուհի Մարիա Բարաբաշը չի հաստատել եւ չի հերքել տեղեկությունն այն մասին, թե քաղաքական գործիչը Վրաստանում է։ Ընդ որում՝ Բարաբաշը տեղեկացրել է, որ նախօրեին Սաակաշվիլին դուրս է եկել Կիեւից։
«Երեք օր առաջ նա հավաքեց թիմը եւ ասաց, որ գնում է Վրաստան, որովհետեւ հիմա բեկումնային պահ է երկրի համար, երբ պետք է ընտրություն կատարել Եվրոպայի եւ անցյալի միջեւ։ Նա մեզ ասաց, որ պետք է մեկնի, որովհետեւ հիմա կարեւոր հանրաքվե է անցկացվում, եւ ինքը պետք է լինի Վրաստանում»,- ասել է Բարաբաշը։
Սաակաշվիլու հիմնած կուսակցությունում՝ «Միացյալ ազգային շարժումում», նախկին նախագահի վերադարձի մասին լուրը մեկնաբանում են զգուշորեն։ ՄԱՇ առաջնորդներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Զաալ Ուդումաշվիլին, լրագրողներին ասել է, որ սոցցանցերից է իմացել Սաակաշվիլու գալու մասին այսօր առավոտյան։
Հերթական անգամ ազդարարելով իր ժամանելը Վրաստան մունիցիպալ ընտրություններից առաջ՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ ձերբակալությունից չի վախենում։ Երկրի կառավարությունում, մինչդեռ, խոստացել են, որ նախկին նախագահը կձերբակալվի հենց այն պահին, երբ «ոտք դնի վրացական հողի վրա»։





























