Նախկին Փաստահավաք խմբի անդամների կողմից հրապարակված զեկույցի ուսումնասիրությամբ պետք է զբաղվի Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է լինելու ՄԻՊ-ի անելիքը հրապարակված զեկույցի ուղղությամբ։ Խոսքը նախկին փաստահավաք խմբի անդամներ, Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանի եւ «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանի կողմից վերջերս հրապարակված զեկույցի մասին է, որը վերաբերում է մարտի 1-2-ի դեպքերին բանակի ներգրավման փաստին։ «Ես ուսումնասիրել եմ այդ զեկույցը եւ ճիշտ կլիներ, որ պետա-իրավական հանձնաժողովը եւս ուսումնասիրեր այն, իր կարծիքը ներկայացներ ու այն ընդգրկեր իր գործունեության մեջ»,-հայտարարել է ՄԻՊ-ը։ Հարցին՝ համոզի՞չ են զեկույցում շարադրված փաստերը, օմբուդսմենը խուսափել է գնահատական տալ եւ բավարարվել է միայն նշելով. «Բավականին համոզիչ գրել են եւ համապատասխան պետական մարմինները պետք է քննության առնեն, բայց մի կողմի գրածը բավարար չէ, որ ես, որպես իրավաբան, ասեմ` համոզիչ է, թե` ոչ»։
Հիշեցնենք, որ «Հայաստանում մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ բանակի ներգրավման մասին» բանաձեւ է շրջանառության մեջ դրվել նաեւ ԵԽԽՎ-ում՝ Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադի կողմից։
Բանաձեւի հիման վրա կազմված զեկույցը վերջերս ուղարկվել է ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողով։ Այդ փաստաթղթում ինչպես եւ նախկին փաստահավաք խմբի անդամների կողմից հրապարակված զեկույցում, անդրադարձ կա նախկին պաշտպանության նախարարի 0038 հակաօրինական հրամանին։ Ըստ այդ հրամանի՝ Երեւանում ձեւավորվել է զինվորական կառավարման նոր մարմին, որին են ենթարկվել Պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի գրեթե բոլոր կարեւորագույն վարչություններն ու բաժինները։



























