Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով ավելի վաղ հայտնել էր, որ գտնվում է Վրաստանում, չի լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Մենք ակտիվ շփման մեջ ենք ուկրաինական կողմի հետ, եւ վստահաբար կարող ենք ասել, որ Միխայիլ Սաակաշվիլին չի լքել Ուկրաինայի պետական սահմանը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Միխայիլ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի պետական սահմանը»,-ասել է նա։
Դարախվելիձեն հիշեցրել է, որ նախկին նախագահը գտնվում է ներքին հետախուզման մեջ: Նրա խոսքով՝ եթե Սաակաշվիլին իսկապես հատի սահմանը, նրան կձերբակալեն եւ կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ:
Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պնդում է, որ քաղաքական գործիչը հայրենիք է վերադարձել ընտրություններից մեկ օր առաջ եւ գտնվում է Բաթումիում։ Ինքը՝ նախկին նախագահը, երկու տեսաուղերձ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, որոնք, ենթադրաբար, ձայնագրված են Վրաստանի Սեւծովյան քաղաքում:





























