Կրեմլն Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի տեղաշարժերի հարցն իր թեման չի համարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լսեք, որտեղ Սաակաշվիլին է, այնտեղ»,- ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վրաստանում նախկին նախագահի ենթադրյալ ժամանման մասին տեղեկությունները:

«Կարեւոր է, որպեսզի այս կրկեսը վտանգ չներկայացնի որեւէ երկրի քաղաքացիների համար, որտեղ գտնվում է այդ պարոնը»,- շարունակեց ռուս առաջնորդի ներակայացուցիչը եւ եզրափակեց. «Փառք Աստծո, [սա] մեր հարցը չէ»: Նա նաեւ նշել է, որ մինչ այժմ Կրեմլը Վրաստանում Սաակաշվիլիի գործողությունների հետ կապված ապակայունացման «ռիսկ չի տեսնում»:

Նախկին նախագահն ուրբաթ իր ֆեյսբուքյան էջին գրել էր, որ մեկնելուց ութ տարի անց վերադարձել է հայրենիք: Ավելի ուշ Սաակաշվիլին տեսանյութ էր հրապարակել, որում պնդում էր, որ գտնվում է Բաթումում: Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նախկին առաջնորդը երկիր ժամանելուն պես անմիջապես կձերբակալվի: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պետության նախկին ղեկավարը չի հատել պետական ​​սահմանը: Իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն նույնպես հերքել է Սաակաշվիլիի գտնվելն այնտեղ: